Մամի, մամի, խաղողը հասե՞լ է
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
- Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
Մյուսը պատասխանում է. - Հասել է, հասմըսել է,
Շանը կտամ, գելին կտամ,
Քեզ մի ճութ չեմ տա: - Ինչո՞վ գամ` որ տաս:
- Դհոլ — զուռնով:
Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
«նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
ինքըշրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում
ձիով,
մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ,
հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում
են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է. - Մամին կասի
սխտոր ծեծեք: Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում
բացականչելով. - Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
- Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
- Քաշենք` երկարի:
Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են
այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:
Կարծում եմ, նոր սերնդի ներկայացուցիչների համար այս նախադասությունները, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, բայց ոչ սեբաստացիների: Որքան էլ որ զարմանալի թվա, այն մեր սաների մանկության անբաժանելի մասն էր կազմում: Ավելին, օրը օր չի լինում, եթե այդ օրվա ընթացքում գոնե մեկ անգամ չենք խաղում ծիսական խաղեր: