Բնապահպանական վրանային ճամբար Վաղաշենում Օգոստոսի 15-17. Ամփոփում

Նախագիծ ` Բնապահպանական վրանային ճամբար Վաղաշենում Օգոստոսի 15-17

Օգոստոսի 15- ին ուսումնական ժամերգությամբ մեկնարկեց Վաղաշենի բնապահպանական եռօրյա ճամբարը։ Ճամբարի մասնակիցների ցուցակում էին ինչպես փորձառու, այնպես էլ առաջին անգամ ճամփորդող սովորողներ, և այդ պատճառով նրանք անընդհատ հարցեր էին տալիս, լուսանկարում ճանապարհին հանդիպող ամեն մի հետաքրքիր երևույթ, ծառ ու թուփ։ Ահա և պետք է կանգ առնեինք Հայրավանքում, բարձրից վայելեինք կապուտչյա Սևանն ու աղոթք անեինք առ Աստված։

Ճանապարհը շարունակեցինք, և երբ վերջապես Վաղաշենի բնապահպանական ճամբարում էինք, ընդունում-հանձնում արեցինք՝ դարձյալ Արևելյան դպրոցի ճամբարականների հետ։ Երբ հանձնող արևելքցիները ճանապարհվեցին, մենք՝ մնացողներս, դասավորեցինք մեր իրերը, նախաճաշեցինք, լողացինք Սևանա լճում, կատարեցինք միջավայրի խնամք՝ մաքրելով Սևանի ափամերձ տարածքը։ Վերադարձանք վրանների մոտ, խաղացինք բակային խաղեր։ Երբ ճամբարականները մի փոքր հանգստացան, կատարեցինք վերանորոգման աշխատանքներ, խնամեցինք մեր միջավայրը, իսկ հետո ճաշեցինք, գնացինք խարույկի համար փայտ հավաքելու։ Խարույկի նախապատրաստական աշխատանքներից հետո վառեցինք խարույկը և վայելեցինք վաղաշենյան զով, ավելին՝ մի փոքր սառը երեկոն լցնելով երգերով, զրույցներով, անցած-գնացած հիշողություններով։ Ճամբարականներից երկուսը կիթառ էին բերել, և հագեցած օրվա ամփոփումն ու հանգստությունը եղան կիթառի մեղեդին ու խարույկի ճարճատոցը։ Գնացինք քնելու՝ վստահ լինելով, որ առավոտը նոր խենթ օր է բերելու իր հետ։

Լույսը բացվեց, արդեն երկրորդ օրն էր, որ Վաղաշենի բնապահպանական ճամբարում էինք, բայց այսօրը այլ ընթացք էր ստանալու. հյուրեր էինք ունենալու տարբեր տեղերից և մեզ էին միանալու տիար Բլեյանը և տիար Գևորգը։ Մինչ հյուրերի ժամանելը, հասցրեցինք նախաճաշել, լողալ, միջավայրի բարեկարգման աշխատանքներ կատարել։ Ահա և պահը հասունացավ, մեր հյուրերը արդեն Վաղաշենի բնապահպանական ճամբարում էին։ Բնապահպանական խնդիրների մասին կլոր սեղան քննարկման մեկնարկը տրված էր, սովորողները, հյուրերը, մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ անցկացրին, իսկ տիար Բլեյանը սեփական օրինակով ու խորհուրդներով միացավ ճամբարականներին և կատարեց Սևանի ափի բնապահպանական աշխատանքներ, սովորողները այնքան ոգևորված էին, որ փորձում էին ավելի մեծ տարածք հասցնել մաքրել։ Վերադարձանք վրանների մոտ, ճաշեցինք, կրկին լողացինք, որից հետո ցախ հավաքեցինք, արդեն սովորություն դարձած խարույկը վառեցինք ու վայելեցինք վաղաշենյան ճամբարի խաղցր զրույցները։ Բավականին ուշ էր, երբ տիար Բլեյանը առաջարկեց տեսնել Սևանը գիշերով, այդ գայթակղիչ առաջարկից չկարողացանք հրաժարվել, գնացինք ափ, վայելեցինք գիշերային խաղաղությամբ ծփացող Սևանն ու վրաններ վերադառնալով՝ սկսեցինք պարերգի ուսուցում, որից հետո քուն մտանք։

Օր երրորդ՝ լույսը դեռ չէր հասցրել բացվել, երբ լսեցինք տիար Բլեյանի ձայնը. ձայն էր տալիս, որ արթնանաք, վեր կենանք ու գնաք դեպի ափ լողալու, տեսնենք ի՞նչ, ժամը 6-ն էր։ Արագ արթնացանք և շտապեցինք ափ՝ լողալու, իհարկե սովորողներից միայն մեկը համարձակվեց այդ ժամին լողալ տիար Բլեյանի ու տիար Գևորգի հետ։ Աննկարագրելի մաքուր օդ էր ու այնքան խաղաղ էր ափը այդ ժամին, որ արժեր նույնիսկ գիշերը չքնել, միայն թե այդ ժամին այդքան մեծ բավականություն ու էներգիա ստանալ։ Վրանների մոտ վերադառնալով՝ ճաշեցինք, ճանապարհեցինք տիար Բլեյանին ու անցանք այն աշխատանքներին, որոնք չէինք հասցրել անել։ Մաքրեցինք խմելու ջրի բաքը, կատարեցինք միջավայրի խնամք, դարձյալ լողացինք, ճաշեցինք։ Ցավոք, երրորդ օրը մեր ճամբարի վերջին օրն էր, հավաքեցինք մեր իրերը, հանձնեցինք ճամբարը Միջին դպրոցին ու վերադարձանք Երևան։ Մինչ Երևան հասնելը, ունեցանք կանգառ Բերդկունքում, այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը։Երևանում մեզ դիմավորեցին ծնողները, ովքեր այնքան գոհ էին ու շնորհակալ, որ խոստացան մյուս անգամ իրենք էլ միանան։ Իսկապես, ամեն ինչ այս անգամ ուրիշ էր ու տարբերվող։ Շատ անգամներ եմ եղել Վաղաշենում, բայց այս անգամվա ճամբարը տարբերվում էր նրանով, որ տիար Բլեյանն ու տիար Գևորգն էին միացել մեզ, ովքեր իրենց փորձը, խորհուրդները, օրինակը փոխանցեցին մեզ։ Ինձ համար բացահայտումների, փորձի փոխանակման, տվավորություններով լի ճամփորդություն էր, որը, կարծում եմ, պետք է ունենա յուրաքանչյուր սեբաստացի ու ինչո՞ւ ո՛չ, ոչ սեբաստացի անհատ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы